Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժում» կուսակցության նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հազարավոր համախոհներ Կիևի Շևչենկո այգում Ուկրաինայի նախագահի «հրաժարականի երթ» են սկսել: Ուկրաինական NewsOne հեռուստաընկերության հաղորդմամբ, երթի մասնակիցները մայրաքաղաքի փողոցներով վանկարկում են «Ուկրաինան ամեն ինչից վեր է», «Հեղափոխություն» կոչերը, հաղորդում է TASS-ը:
Ավելի վաղ ցույցի կազմակերպիչ Իվան Սլոբոդնյակը հայտարարել է, որ իր հաշվարկներով ակցիային արդեն միացել է մոտ 10 հազար մարդ և թիվը գնալով մեծանում է: Նա նշել է, որ փորձեր է արվել ընդհատել միջոցառումը:
Հեռուստաընկերության թղթակիցը հավելել է, որ «հրաժարականի երթ»-ի մոտ ձևավորվում է ևս մի շարասյուն: Ըստ նրա՝ այդ մարդիկ նույնպես իրենց համարում են «Նոր ուժերի շարժում» կուսակցության համախոհներ, սակայն «հրաժարականի երթ»-ի մասնակիցները նրանց հրահրիչներ են համարում:
Հիշեցնենք, որ Սահակաշվիլին ձերբակալվել էր ուրբաթ երեկոյան, նրան մեղադրում են հանցագործություն կատարելու մեջ՝ նախատեսված Ուկրաինայի Քրեական Օրենսգրքի 256 հոդվածի 2 մասով՝ «Հանցավոր խմբի մասնակցություն»: