Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ժխտում է Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների սպանության փաստը, չի կարող դասեր տալ Իսրայելին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Գրառումը հաջորդել է Էրդողանի հայտարարությանը, որում նա Իսրայելն անվանել էր «ահաբեկչական պետություն»:
«Թուրքիայի նախագահ Էրդողանն Իսրայելն անվանում է «ահաբեկչական պետություն, որը սպանում է երեխաներին»: Այն անձը, ով հերքում է Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների սպանդը, մեզ դասեր տալու իրավունք չունի»,- գրել է Լապիդը:
Նա ավելի վաղ՝ 2017 թ. հուլիսին, դիմել էր Իսրայելի ղեկավարությանը՝ հորդորելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: