Դեկտեմբերի 11-ի առավոտյան Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, ով ձերբակալվել էր դեկտեմբերի 8-ին, կալանավայրից տեղափոխել են Կիևի Պեչերսկու դատարան, որտեղ կընտրվի նրա խափանման միջոցը:
Դատի ժամանակ Սահակաշվիլին իրեն անվանել է Ուկրաինայի օլիգարխիայի բանտարկյալ: Որից հետո ավելացրել է. «Մենք որևէ առճակատման կարիք չունենք, ես կտրուկ գործողությունների կոչ չեմ անում»: Դրանից հետո քաղաքական գործիչը և նրա կողմնակիցները երգել են Ուկրաինայի օրհներգը: Չնայած քաղաքական գործչի կոչին, դատավարության ընթացքում, տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Սահակաշվիլիի կողմնակիցները փորձել են ներխուժել դատարանի շենք, սակայն ոստիկանության ջանքերով հետ են մղվել: Բախումների ընթացքում ցուցարարները հրաձգային զենքեր և պայթուցիկներ են օգտագործել:
Սահակաշվիլիի դատավարությունը սկսվել է կեսօրին: Նրան մեղադրանք է ներկայացվել հանցանք գործելու փորձի, «մի խումբ անձանց, կազմակերպված խմբավորման կամ հանցագործ կազմակերպության կողմից նախնական պայմանավորվածությամբ հանցանք գործելու» և «հանցագործ կազմակերպության անդամներին օժանդակելու ու նրանց հանցագործ գործունեությունը թաքցնելու» կետերով:
Հիշեցնենք, որ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցները կիրակի օրը Կիևի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Ուկրաինայի Վերին Ռադային ներկայացրել են 4 պահանջ:
Առաջին պահանջը իմպիչմենտի մասին օրենքի ընդունումն է, երկրորդը՝ հակակոռուպցիոն դատարանի մասին օրենքն է: Երրորդ պահանջը վերաբերում է երկրորդ ընթերցմամբ ընտրությունների մասին օրենքի ընդունմանը, իսկ չորրորդ պահանջը՝ գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի հրաժարականին: Պահանջների մասին հայտարարել է Սահակաշվիլիի ղեկավարած «Նոր ուժերի շարժում» կուսակցության ներկայացուցիչ Օլգա Գալաբալան: Նա նաև պարզաբանել է, որ բոլոր պահանջները պետք է կատարվեն դեկտեմբերի 19-22-ը:
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել էր, որ Միխայիլ Սահակաշվիլին կասկածվում է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի թիմի գումարներով պետական իշխանության փոփոխության կոչերով բողոքի ակցիա կազմակերպելու մեջ:
Եթե Սահակաշվիլիի դեմ ներկայացված մեղադրանքներն ապացուցվեն, ապա դա կնշանակի նրա կարիերայի «տխուր վերջաբան»: Իսկ գործի կարճումը նոր հարված կլինի իշխանությունների հեղինակությանը՝ ամրապնդելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման կողմնակիցների դիրքերը:
Փորձագետներն Արևմուտքին կոչ են անում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի նկատմամբ սկզբունքային դիրքորոշում որդեգրել: Միևնույն ժամանակ նրանք չեն բացառում, որ Պորոշենկոն կարող է արժանանալ Յանուկովիչի ճակատագրին: Չէ՞ որ Յանուկովիչի «վերջը» ևս սկսվեց կասկածելի ձերբակալություններով: