Հունաստանը մեր առանցքային գործընկերներից մեկն է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ նալբանդյանը Հունաստանի ԱԳՆ-ում ունեցած ելույթի ժամանակ:
Նոյեմբերի 24-ին Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Լինելով Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ՝ Հայաստանը նաև զարգացնում է հարաբերություններն այլ ինտեգրացիոն ձևաչափերի հետ: Հուսով ենք, որ նման նպատակասլաց ու իրատեսական երկխոսությունը շարժիչ ուժ կհանդիսանա մեր տարածաշրջանում համագործակցության խթանման համար:
«Այս համաձայնագրի ստորագրումը ՀՀ-ԵՄ գործընկերության միակ օրինակը չէ: Վերջին երկու տարիներին մեզ հաջողվել է առաջ ընթալալ փոխադարձ համագործակցության տարբեր ոլորտներում, մասնավորապես, ի թիվս այլոց միանալ COSME, «Ստեղծագործ Եվրոպա», «Հորիզոն 2020» ծրագրերին, նախաստորագրել Ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ համաձայնագիրը և ստորագրել Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստանի Հանրապետություն ընդլայնման բարձր մակարդի փոխըմբռնման արձանագրությունը: Մենք ակնկալում ենք նոր նախաձեռնություններ՝ միաժամանակ հատուկ կարևորություն տալով վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկին: Ակնկալում ենք մեր հույն գործընկերների հետագա աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցությանը:
Իհարկե, մենք քննարկում ենք Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները: Այս առումով օգտակար կարող է լինել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը և գործարար համաժողովների կազմակերպումը: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության արդյունքում նոր հնարավորություններ են առաջ եկել առևտրի և ներդրումների համար: Այսօր Հայաստանի միջոցով կարելի է անմաքս դուրս գալ 170-միլիոնանոց ԵԱՏՄ շուկա: Հայաստանն արտոնյալ ռեժիմ ունի ԵՄ, ԱՄՆ, Ճապոնիայի և այլ երկրների հետ: Հուսով ենք, որ քաղաքական զարգացումների արդյունքում ընձեռնված հնարավորությունները թույլ կտան լիարժեք տնտեսական համագործակցություն ծավալել 80 միլիոնանոց շուկա ունեցող մեր հարևան Իրանի հետ: Այդ առումով հատկանշական կարող են լինել Պարսից ծոց - Սև ծով տրանսպորտային և կապի երթուղիների վերաբերյալ նախագծերը», - նշել է Նալբանդյանը: