Երկրորդ անձնագրի առկայությունը շուտով կդադարի պատճառ լինել Վրաստանի քաղաքացիներին քաղաքացիությունից զրկելու համար։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ապրիլին` Վրաստանի սահմանադրության մեջ մտցվող փոփոխությունների հետ մեկտեղ, դեկտեմբերի 12-ին լրագրողներին է հայտնել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Առաջարկ է եղել այդ նորմը մյուսներից շուտ մտցնել` Սահմանադրության մեջ արվող փոփոխությունների հետ մեկտեղ», - ասել է Կոբախիձեն Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում։
Վրաստանի իշխանության որոշումը ողջունել են երկրի ազգային և էթնիկ փոքրամասնությունները, քանի որ Վրաստանի քաղաքացիները 2011 թվականից սկսած, արտասահմանյան անձնագիր ստանալիս ավտոմատ կերպով զրկվում էին Վրաստանի քաղաքացիությունից։ Սա վերաբերում է Վրաստանի հայ համայնքին ընդհանուր առմամբ. պաշտոնական տվյալների համաձայն` վերջին վեց տարվա ընթացքում երկրորդ քաղաքացիություն ունենալու պատճառով Վրաստանի 30 հազար քաղաքացի զրկվել է անձնագրից, նրանցից շուրջ 80%-ը էթնիկ հայեր են։