2018 թվականն արդեն մեկնարկել է, և ցանկալի է իմանալ թե ինչ ընտրական գործընթացներ են սպասվում աշխարհում, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են նաև մեզ:
Տարեսկզբին նախագահական ընտրություններ են սպասվում Չեխիայում, Կիպրոսում և Ֆինլանդիայում:
Մարտի 1-10-ը Հայաստանում առաջին անգամ երկրի նախագահը կընտրվի ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ Ազգային ժողովի կողմից: Նման փոփոխությունը պայմանավորված է խորհրդարանական կառավարման համակարգի անցմամբ, ըստ որի՝ երկրի ղեկավարի լիազորությունները կանցնեն կառավարության ղեկավարին:
Մարտի 18-ին նախագահական ընտրություններ կկայանան նաև Ռուսաստանում: Ի թիվս տարբեր գործիչների՝ իրենց թեկնածությունն առաջադրել են ռուս հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին և հիմնական ֆովորիտ համարվող, գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մայիսին խորհրդարանական ընտրություններ են սպասվում Լիբանանում, որի արդյունքները բավական կարևոր են երկրում քաղաքական կայունության ապահովման տեսանկյունից:
Բացի այդ, խորհրդարանական ընտրություններ են սպասվում նաև Աֆղանստանում և Բրազիլիայում:
Իսկ հոկտեմբերին նախագահական ընտրություններ կկայանան հարևան Ադրբեջանում: Սպասվող ոչ մրցակցային ընտրությունների հաղթողն ակնհայտ է արդեն հիմա. գործող նախագահ Իլհամ Ալիևը ջախջախիչ հաղթանակ կտանի և 4-րդ անգամ կստանձնի Ադրբեջանի նախագահի պաշտոնը:
Տարվա վերջին նշանակալի ընտրական գործընթացը կլինեն նոյեմբերին նախատեսվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրությունները, որոնք բավական կարևոր են Միացյալ Նահանգներում գործող հայկական լոբբիստական կառույցների համար: