Կրկին պարզ է դարձել, որ Ադրբեջանն «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին զենք մատակարարելու մեջ է ներքաշված։ Ադրբեջանին ուղղված զենքը հայտնվել է ԻՊ-ի զինյալների ձեռքում։ Այս մասին ասված է դեկտեմբերի 15-ին հրապարակած «Հակամարտություններում զենքերի հետազոտություն» (Conflict Armament Research) բրիտանական ընկերության զեկույցում, որը զբաղվում է աշխարհում զենքի շարժի վերահսկողությամբ, փոխանցում է News.am-ը:
Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ 2015 թվականի մայիսին Սիրիայի ինքնապաշտպանական ուժերն Էլ Հասակա քաղաքի մոտ ԻՊ-ի ուժերից գրավել են PG7PM մարտական լիցք։ Բրիտանական կազմակերպության հետազոտողների խումբն այս առարկան փաստաթղթավորել է 1-14-((11)) համարով, 2015 թ․ մայիսի 20:
Ավելի ուշ Բուլղարիան հաստատել է, որ 2014 թ. դեկտեմբերի 18-ին այդ զենքը արտահանվել է, իսկ ստացողը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է եղել: Լիցենզիայի հայտին կցված է եղել վերջնական օգտագործողի վկայականը: Զեկույցում շեշտվում է, որ Ադրբեջանին ուղարկված կազմակերպության հարցմանը դեռևս պատասխան չի ստացվել:
Բուլղարիայի կողմից ներկայացված փաստաթղթերից երևում է, որ զենքի արտահանումն իրականացվել է Բուրգասի օդանավակայանի միջոցով դեպի Բաքվի օդանավակայան: