Ձեռք բերված հաջողություններով պետք չէ բավարարվել. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

12:48     18 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 18-ին «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում պետական քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումը ապահովելու գործում» հասարակական քննարկման ժամանակ  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում պետք է ընդլայնվի, փոխանցում է NEWS.am-ը:

ԵՄ պատվիրակության ղեկավարը կարծում է, որ դա պետք է արվի հանրապետությունում սոցիալական ձեռնարկատիրության զարգացման միջոցով: «Պետք է նշել, որ մենք մեր գործընկերների հետ մեծ հաջողություններ ենք արձանագրել, և դա մեզ համար չափազանց կարևոր է», - ասել է եվրոպացի պաշտոնյան՝ հավելելով, որ ձեռք բերված հաջողություններով պետք չէ բավարարվել:

Ինչպես շեշտեց Սվիտալսկին, պետք է աշխատել համագործակցության միջոցով ավելի շոշափելի հաջողությունների հասնելու համար, և, առաջին հերթին, առկա խնդիրների արագ լուծման համար այդ համագործակցությունը պետք է զարգանա Հայաստանի կառավարության հետ միասին:


© armedia.am