Ռուսաստանում նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է երկուշաբթի՝ քվեարկությունից երեք ամիս առաջ: Թեկնածուներն ունեն 90 օր` առաջադրման գործընթացն անցնելու, փաստաթղթերը ԿԸՀ հանձնելու, ստորագրություններ հավաքելու, քարոզարշավ իրականացնելու և հակառակորդների հետ հեռուստատեսության և ռադիոյի եթերում բանավիճելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Դեկտեմբերի 15-ին Դաշնության խորհուրդը լիագումար նիստում ընդունել է Ռուսաստանի նախագահի ընտրությունները 2018թ. մարտի 18-ին նշանակելու մասին որոշումը:
Արդեն 23 պոտենցիալ թեկնածու հայտարարել է նախընտրական քարոզարշավին մասնակցելու իր մտադրության մասին:
Ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, Եկատերինա Գորդոնը, գործարար Սերգեյ Պոլոնսկին, գործարար օմբուդսմեն Բորիս Տիտովը և այլոք: ՌԴ գործող նախագահի Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 6-ին հայտարարեց իր թեկնածություն առաջադրելու մտադրության մասին: Հրավիրված ասուլիսի ժամանակ նա հստակեցրել է, որ ընտրություններին կմասնակցի ինքնաառաջադրմամբ: Օրենքով, այս դեպքում, թեկնածուն նախ պետք է ստեղծի 500 ընտրողներից բաղկացած խումբ, որը կաջակցի իրեն, ապա հավաքագրի և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնի առնվազն 300 000 ստորագրություն:
«Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրությունների մասին» օրենքի համաձայն՝ երկրի ղեկավարի պաշտոնում կարող են թեկնածուներն առաջադրվել ինչպես կուսակցությունից, այնպես էլ ինքնաառաջադրմամբ:
Այժմ գալիս է նախընտրական համագումարների ժամանակը: Յուրաքանչյուր կուսակցություն, որը ցանկանում է մասնակցել ընտրություններին, պետք է համագումար անցկացնի և հաստատի իր թեկնածուին:
Ավելի վաղ ԿԸՀ անդամ Եվգենի Շեվչենկոն նշել էր, որ ինքնաառաջադրվող թեկնածուն պետք է ԿԸՀ ներկայացնի իրեն օժանդակելու նպատակով ստեղծված խմբի գրանցման դիմումը, նոտարի կողմից հաստատված խմբի անդամների գրանցման ցուցակը, խմբի ստեղծման վերաբերյալ փաստաթուղթը և մի շարք այլ փաստաթղթեր, իսկ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն` իր առաջադրումը հաստատող համագումարի փաստաթուղթը, կուսակցության լիազորված ներկայացուցիչների գրանցման դիմումը և մի շարք այլ փաստաթղթեր:
Բացի այդ, ԿԸՀ-ին անպայման պետք է գրավոր ներկայավացված լինի քվեարկությանը մասնակցելու թեկնածուի համաձայնությունը, թեկնածուի և նրա կնոջ եկամտի աղբյուրի չափի մասին տեղեկատվություն` վեց տարվա կտրվածքով, ինչպես նաև սեփականության, բանկային ավանդների և արժեթղթերի տվյալներ: Անհրաժեշտ է նաև ընտրական հանձնաժողովին տեղեկացնել թեկնածուին և իր կնոջն ու անչափահաս երեխաներին պատկանող արտասահմանյան գույքի և գույքային պարտավորությունների մասին, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն այն մեծ ծախսերի մասին, որոնք գերազանցում են վերջին 3 տարիների նրանց ընդհանուր եկամուտը:
Հատուկ հաշիվը կբացվի Ռուսաստանի Սբերբանկում, միայն դրանից հետո հնարավոր կլինի վճարել ցուցակների բաժանորդագրության համար և սկսել ստորագրահավաքը:
Թեկնածուների գրանցման փաստաթղթերը ԿԸՀ-ին կարող են ներկայացվել մինչև դեկտեմբերի 27-ը:
Սա կլինի ՌԴ-ում յոթերորդ նախագահական ընտրությունները: Առաջինը տեղի է ունեցել 1991թ., ապա 1996, 2000, 2004, 2008, 2012 թվականներին: 2000թ. ի վեր երկրի հիմնական ընտրությունները միշտ տեղի են ունենում մարտ ամսին:
Դեկտեմբերի 7-ին արտասահմանյան բուքմեյքերական գրասենյակները սկսել են խաղադրույքներ ընդունել Ռուսաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ: Betfair խաղադրույքների բորսան Վլադիմիր Պուտինի հաղթանակի շանսերը գնահատում է 1.05 գործակցով (օրինակ` 100 ռուբլի խաղադրույքը հաղթանակի դեպքում կդառնա 105 ռուբլի): Վլադիմիր Ժիրինովսկիի հաղթանակը գնահատվում է 12.40, իսկ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիինը՝ 26.00 գործակցով: