Դեկտեմբերի 18-ին Վիեննայում տեղի է ունեցել Ավստրիայի նոր պահպանողական-աջ կոալիցիոն կառավարության երդմնակալության արարողությունը, հայտնում է BBC-ն: Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել երկրի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի նստավայրում՝ Հոֆբուրգ դղյակում:
Այսպիսով, 31-ամյա Սեբաստիան Կուրցը կզբաղեցնի Ավստրիայի դաշնային կանցլերի պաշտոնը մոտակա հինգ տարիներին:
Ավելի վաղ՝ ուրբաթ երեկոյան, ձևավորվել էր Ավստրիայի կոալիցիոն կառավարությունը. պահպանողական Ավստրական ժողովրդական կուսակցության և աջ Ավստրիական ազատություն կուսակցության միջև: Բաշխվել էին նաև նախարարական պորտֆելները:
Փոխկանցլերի, ինչպես նաև առանցքային մի քանի նախարարությունների՝ ներքին գործերի, պաշտպանության, արտաքին գործերի, տրանսպորտի, առողջապահության նախարարների պաշտոնները կստանձնեն աջերը կամ նրանց կողմից առաջադրված անկուսակցականները: Նախարարական մյուս պորտֆելները բաժին են հասել կանցլեր Կուրցի գլխավորած՝ Ավստրական ժողովրդական կուսակցությանը: Կառավարությունում ավելացել է նաև կանանց թիվը:
Արդեն հայտնի է, որ երկու կուսակցությունները համաձայնության են եկել մի քանի առանցքային հարցերի շուրջ, հայտնում է Reuters-ը:
Սեբաստիան Կուրցի Ավստրիան կլինի ավելի կոշտ իր դիրքորոշումներում:
Ավստրիան կմնա ԵՄ կազմում, սակայն կձգտի ավելի շատ իրավասություններ վերադարձնել պետական իշխանությանը: Ավստրիան կընդդիմանա ԵՄ շրջանակներում քաղաքական ավելի սերտ ինտեգրացիային, և ավելի մեծ ազատություն կպահանջի Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում:
Կուրցի օրոք Ավստիայում առաջնային կդառնա քաղաքական իսլամի և ապօրինի ներգաղթի դեմ պայքարը, կուժեղացվեն ոստիկանական վերահսկողությունը և անվտանգության միջոցառումները:
Նախատեսվում են նաև սոցիալական, կրթական, հարկային և այլ ոլորտներում բազմաթիվ բարեփոխումներ:
Հատկանշական է, որ Կուրցի Ավստրիան կընդդիմանա Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը:
Հիշեցնենք, որ դեռևս արտգործնախարար եղած տարիներին և նախընտրական քարոզարշավի ժամանակ Կուրցը հայտարում էր, որ Թուրքիան շատ հեռու է ԵՄ-ին անդամակցելուց, դեռ ավելին՝ ավելի է հեռանում եվրոպական արժեքներից, ինչի մասին վկայում են ակտիվիստների և լրագրողների ձերբակալությունները՝ հատկապես հեղաշրջման փորձից հետո: