Թուրքիան պատրաստվում է առանց վարորդի հեռակառավարվող ցամաքային մեքենաների արտադրությամբ զբաղվել:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Gunes.com» լրատվական կայքին, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավարությունը դեռ 2016-ին նմանատիպ մեքենաների նախագծման մրցույթ էր հայտարարել: Մրցույթի մասնակիցների առջև հետևյալ հիմնական պայմաններն էր դրվել՝ ներկայացնել առանց վարորդի ցամաքային ռազմական մեքենա, որը պետք է օժտված լինի հրաձգային, կապի, հեռակառավարման համակարգերով և կարողանա հեռակա ուղղորդմամբ կամ ինքնուրույն շարժվել դեպի թիրախը:
Նշվում է, որ ստացված ավելի քան 500 նախագծերից հավանության արժանացած առաջին 3-ը ներկայացվել են որպես հաղթողներ, որոնցից առաջին տեղը գրաված «Efe Modüler Otonom Araç» նախագիծն արժանացել է 10000 լիրա խրախուսման:
Ըստ աղբյուրի՝ թուրքական զինված ուժերը նպատակ ունեն ապագայում արտադրվելիք մեքենաները օգտագործել հիմնականում դաշտային պայմաններում ահաբեկիչների դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար: