Շվեդիայի հյուսիսում գտնվող Լուլեո քաղաքի Տեխնոլոգիական համալսարանի գիտնականները նոր տեսակի ձյան փաթիլ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` հղում կատարելով Sveriges Radio-ին:
Այս բացահայտումն արել են բուհի նորաստեղծ բաժնի՝ «Ձյան ակադեմիայի» հետազոտողները: Նոր բյուրեղը ուսումնասիրել են ռենտգեն մեքենայի օգնությամբ:
«Հիանալի է, որ մենք նոր գործիք ունենք՝ ռենտգեն մեքենա, որը թույլ է տալիս ուսումնասիրել ձյան առանձին բյուրեղները: Եվ նրա օգնությամբ մենք ձյան փաթիլ բացահայտեցինք, որի նկարագրությունը չգտանք արդեն գոյություն ունեցող գրականության մեջ: Սա ձյան փաթիլի նոր տեսակ է», - ասել է փորձարարական մեխանիկայի ոլորտի հետազոտող Յուհան Կասսելգրենը:
Նրա խոսքով՝ առաջին հայացքից ձյան փաթիլը աստղի է նման: Սակայն, ի տարբերություն արդեն հայտնի բյուրեղների, շվեդ գիտնականների բացահայտած փաթիլը փոքրիկ կնճիթիկ ունի՝ ևս աստղի տեսքով: Գիտնականների կողմից հայտնաբերված փաթիլը երկարավուն ձև ունի: «Նա նաև ունի խորություն և թունել ներսում», - բացատրել է Կասսելգրենը: