«Իսրայելը Ադրբեջանի համար չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը»: Այդ մասին ռուսական ‘RTV1’ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, հաղորդում է Akunq.net-ը` հղում կատարելով թուրքական «Յենի Չաղ» պարբերականին:
Աղբյուրի համաձայն` Լիբերմանը, պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե «Որոշ միջազգային կառույցներ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու նպատակով, Իսրայելին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. դուք ի՞նչ եք մտածում այս հարցի շուրջ», մասնավորապես ասել է.
«Դա, նախևառաջ, պատմական և վիճահարույց հարց է: Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ Իսրայելի դիրքորոշումը վճռական է»:
Լիբերմանը նաև հայտնել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ուղղակիորեն կապված է Ադրբեջանի հետ հարաբերությունների լավ լինելու հետ` նշելով. «Անշուշտ, Ադրբեջանի հետ հարաբերությունները մեզ համար շատ ավելի կարևոր են»: