Դեկտեմբերի 18-ին Սպիտակ տունը հրապարակեց ԱՄՆ-ի Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որում նշվում են երկրի համար բոլոր սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչպես նաև դրանք չեզոքացնելու համար անհրաժեշտ քայլերը: Այսպես, Թրամփի ներկայացրած ռազմավարությունում հիմնական ուշադրությունը է դարձվում Հյուսիսային Կորեային, Իրանին, Ռուսաստանին, Չինաստանի և Մերձավոր Արևելքին:
Այսպես, ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունում ասվում է, որ ԱՄՆ-ը պահպանում է իր անհրաժեշտ ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ ահաբեկչական հարձակումներից ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին պաշտպանելու, ինչպես նաև տարածաշրջանում «ուժերի դասավորվածության բարենպաստ հավասարակշռությունը» պահելու նպատակով:
Փաստաթղթում նշվում է, որ Իրանը և Հյուսիսային Կորեան ապակայունացնում են տարածաշրջանը և սպառնում են ԱՄՆ-ին և նրա գործընկերներին: «ԿԺԴՀ և Իրանի Իսլամական Հանրապետության բռնապետական ռեժիմներն ուղղված են տարածաշրջանն ապակայունացնելուն, սպառնում են ամերիկացիներին և մեր գործընկերներին, ինչպես նաև դաժան են վարվում սեփական ժողովրդի հետ», - ասվում է փաստաթղթում: Նշվում է, որ նրանցից եկող սպառնալիքը չեզոքացնելու համար ԱՄՆ-ը ստեծում է Հակահրթիռային համակարգ:
Նոր ռազմավարությունում ասվում է, որ գերտերությունների մրցակցությունը վերադառնում է, և ԱՄՆ-ն այսօր ստիպված է դիմակայելու Ռուսաստանին և Չինաստանին, որոնք ցանկանում են փոխել աշխարհում գոյություն ունեցող ստատուս քվոն՝ ի վնաս ամերիկյան շահերի: «Չինաստանը ցանկանում է փոխարինել ԱՄՆ-ին Հնդկա-պակիստանյան տարածաշրջանում, մեծացնել իր տնտեսական ազդեցությունը, ինչպես նաև վերակազմակերպել տարածաշրջանն իր նմանությամբ: Ռուսաստանը ցանկանում է իրեն վերադարձնել գերտերության կոչումը` իր սահմանների մոտ ստեղծելով ազդեցության գոտիներ»,- ասվում է փաստաթղթում: ԱՄՆ-ի համար լուրջ մտահոգություն է Չինաստանի և Ռուսաստանի աճող ռազմական ուժը, իսկ միջուկային զենքը շարունակում է դիտվել որպես ԱՄՆ ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք:
Նշենք, որ ԱՄՆ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը ընդհանուր առմամբ համապատասխանում է նախագահ Դոնալդ Թրամփի նախկինում արած հայտարարությունների ոգուն՝ մասնավորապես Իրանի և Հյուսիսային Կորեայի մասերով: Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ Իրանին վերաբերող հատվածում գույները խտացված են. նոր ռազմավարությունում նշվում է, որ Իրանը բացահայտորեն կոչ է անում կործանել ԱՄՆ-ն, մինչդեռ վերջին տարիներին Իրանի կողմից նման հայտարարություններ չեն հնչում:
Թեև նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո Թրամփի հռետորաբանությունը Չինաստանի նկատմամբ մեղմվել էր, սակայն, ինչպես ցույց է տալիս փաստաթուղթը, դիրքորոշումը մնում է նույնը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Մոսկվայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության պահպանումն այս փաստաթղթում ավելի շուտ ամերիկյան իշխող վերնախավի մոտեցումն է, որը բավականին ցավագին է ընդունում Ռուսաստանի հետ Թրամփի կապերի մասին լուրերը:
Ամփոփելով կարել է ասել, որ ԱՄՆ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը նախանշում է առաջիկայում միջազգային հարաբերություններում լարվածության նոր աճ. ինչպես հայտարարել է Թրամփը, Վաշինգտոնը մտադիր է «խաղաղություն կառուցել ուժի միջոցով»: