Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Ազգային անվտանգության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Դուք իրականացնում եք կարևոր ծառայություն, որի արդյունավետությունից է նաև կախված ազգային անվտանգության, հասարակության և պետության շահերի պաշտպանության, հասարակության յուրաքանչյուր անդամի պաշտպանվածության ապահովումը: Բարձր մակարդակի վրա է գտնվում պաշտպանության նախարարության հետ ձեր համագործակցությունը՝ ուղղված պետության սահմանների պաշտպանությանը:
Արցախի քաղաքացին պետք է վստահ լինի, որ ապրում է ապահով ու անվտանգ երկրում: Եվ այդ գործում մեծ է հատկապես ազգային անվտանգության համակարգի դերակատարությունը, ծառայողների մասնագիտական պատրաստվածությունն ու մարդկային բարձր որակները:
Ձեր գործառույթների հաջող իրականացման նպատակով պետությունը հետևողական աշխատանք է տանում կառույցը ժամանակակից նյութատեխնիկական միջոցներով հագեցնելու, ծառայողների աշխատանքային և սոցիալական պայմանները բարելավելու ուղղությամբ: Այս քաղաքականությունը կկրի շարունակական բնույթ:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր պատասխանատու ծառայության մեջ»: