Թուրքիայի կառավարությունն անտարբերության է մատնում Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցը. այդ երկրի իշխանություններին ուղղված հայ համայնքի նամակներն անպատասխան են մնում։ Այս մասին ասել է «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում:
«Պարզ չէ, թե որքան երկար կարող է ձգվել այս վիճակը։ Հնարավոր է նույնիսկ տարիներ, քանի որ ոչ մի պաշտոնական պատճառաբանություն կամ մեկնաբանություն չի տրվում, հայտնի չէ, թե մենք քանի տարի կարող ենք անհույս սպասել»,- ասել է Էստուկյանը։
Խմբագրի խոսքով, առանց Թուրքիայի կառավարության թույլտվության հայ հոգևոր համայնքն այդ երկրում առաջնորդի ընտրություններ անցկացնելու իրավունք չունի։
Էստուկյանը Թուրքիայի իշխանության պահվածքում ոչ թե պատահականություն, այլ դիտավորություն է տեսնում։ Նրա համոզմամբ, նպատակը Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանի հրաժարականին հասնելն է։
Նրա խոսքով՝ Պոլսո հայ հոգևոր համայնքն այժմ անորոշության, անհաղորդության մեջ է, և չի բացառում, որ Թուրքիայի կառավարությունն այսպիսով վրեժ է լուծում իրեն չենթարկվելու համար։