Արդեն մի քանի օր է Իրաքյան Քրդստանի տարբեր քաղաքներում չեն դադարում բողոքի զանգվածային ակցիաները` պետական ծառայողների աշխատավարձերի ձգձգման և ծառայությունների թերի մատուցման հետ կապված։
Ցուցարարների և իրավապահների միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն 7, վիրավորվել՝ 80 մարդ: Ցուցարարները հրկիզել են տարածաշրջանի բոլոր քաղաքական ուժերի գրասենյակները և պահանջում են կառավարության հրաժարականը:
Ինքնավարության անվտանգության խորհուրդը բնակչությանը կոչ է արել հաշվի առնել տարածաշրջանում ձևավորված զգայուն իրավիճակը և թույլ չտալ, որպեսզի իրենց պահանջները խառնվեն կասկածելի քաղաքական օրակարգի հետ:
Նշենք, որ տարածաշրջանն արդեն երկու տարի է գտնվում է ներքաղաքական ճգնաժամի մեջ, որն անկախության հանրաքվեից հետո էլ ավելի խորացավ: Այս համատեքստում պետք է նկատել, որ բողոքի ամենաակտիվ ակցիաներն անցկացվում են Սուլեյմանիա ընդդիմադիր նահանգի տարածքում: Սակայն, քրդական իշխանությունները, որը շարունակում է ներկայացնել հանրաքվեից հետո հրաժարական տված Մասուդ Բարզանիի կլանը, տեղի ունեցողի մեջ ավելի շատ հակված է տեսնել ոչ թե ընդդիմության, այլ կենտրոնական իշխանությունների հետքը:
Սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու պատճառով շարունակում են բավականին լարված մնալ Էրբիլի և Բաղդադի հարաբերությունները: Այս ֆոնին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հայտարարությունն առ այն, որ Բաղդադը պատրաստ է պաշտպանելու ինքնավարության բնակչությանը, եթե քրդական իշխանությունները ցուցարարների դեմ ուժ կիրառեն, Էրբիլի կողմից դիտարկվում է, որպես ինքնավարությունում ներքին անկայունություն առաջացնելու և նոր ռազմական ներխուժման առիթ ստեղծելու փորձ:
Էրբիլում ցուցարարներին խորհուրդ են տալիս ոչ թե պահանջել կառավարության հրաժարականը, այլ իրենց արդարացի սոցիալական բողոքն ուղղել Բաղդադի դեմ, որը 2014 թվականից կրճատել է ինքնավարության բյուջեն, ինչպես նաև պատժամիջոցներ է սահմանել՝ ի պատասխան անկախության հանրաքվեի անցկացմանն: Քրդական ինքնավարության տնտեսության համար հատկապես մեծ հարված էր նավթով հարուստ Քիրքուքի վրա Բաղդադի վերահսկողության հաստատումը. սրա հետևանքով ինքնավարության իշխանությունները ստիպված էին աշխատավարձերը կրճատել է 33 տոկոսով: