Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը բացարձակ սուտ է: Այդ մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցին։
Մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, թե իբր հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են որոշակի նախապայմաններով, նա նշել է. «Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է: Եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա կարող ենք հայտարարել, թե արձանագրությունների բանակցման ընթացքում Թուրքիան խոստացել է, որ ճանաչելու է Արցախի անկախությունը:
Կրկին հիշեցնենք, որ բանակցությունները 2008թ.-ին մեկնարկեցին թուրքական կողմի հետ հենց այն փոխադարձ համաձայնությամբ, որ այդ գործընթացը չի կարող ունենալ որևիցե նախապայման։ Այս համաձայնության հիման վրա ընթացան բանակցությունները և ստորագրվեցին ցյուրիխյան արձանագրությունները։
Նախապայմանների բացակայության մասին բազմիցս են հայտարարել գործընթացին լավատեղյակ տարբեր մայրաքաղաքներից»,- ասել է Բալայանը։