Մեր դիրքորոշումը Երուսաղեմի հարցում մնում է անփոփոխ. ՀՀ ԱԳՆ

12:07     22 դեկտեմբերի, 2017

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի հարցով քվեարկությանը հայտարարել է Հայաստանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ, փոխանցում է NEWS.am-ը:

Նրա խոսքով, Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։

«Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար։ Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմամշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին։

Նկատի ունենալով Երուսաղեմի վերաբերյալ վերջին շրջանում արտահայտված դիրքորոշումները` ընդունում ենք, որ դրանք չեն կանխոշորում բանակցությունների միջոցով Երուսաղեմի վերջնական կարգավիճակի սահմանումը»,-հայտարարել է նա:


© armedia.am