ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 21-ին ընդունեց բանաձև, որով չի ընդունում ԱՄՆ կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը՝ կոչ անելով հավատարիմ մնալ Երուսաղեմի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1947 թվականին ընդունած 181 բանաձևին, որով նախատեսվում է ՄԱԿ-ի լիազորության ներքո Երուսաղեմին տալ հատուկ միջազգային կարգավիճակ: Բանաձևին կողմ են քվեարկել 118 երկիր, 35-ը եղել է ձեռնպահ, 9-ը՝ դեմ: Կողմ քվեարկողների շարքում էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 մշտական անդամները (Չինաստանը, Ռուսաստանը Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան), ԵՄ 28 երկրներից 22-ը (5 երկիր՝ Խորվաթիան, Չեխիան, Հունգարիան, Լատվիան, Ռումինիան ձեռնպահ էին, իսկ Լիտվան ընդհանրապես չմասնակցեց քվեարկությանը), տարածաշրջանի երկրներից՝ Հայաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը (Վրաստանն ընդհանրապես չմասնակցեց քվեարկությանը): (քվեարկության վերաբերյալ ավելի մանրամասն՝ ստորև ներկայացված նկարում):
Իսկ ի՞նչ եզրակացություններ կարելի է կատարել ՄԱԿ քվեարկությունից:
ՄԱԿ-ի անդամ հանդիսացող երկրների մեծամասնությունը դեմ արտահայտվեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք դարձնելու որոշմանը՝ փոխարենը վերահաստատելով այն մոտեցումը, որ Երուսաղեմը պետք է ունենա միջազգային կարգավիճակ: Նման դիրքորոշումն առավել քան տրամաբանական է, քանի որ դարեր շարունակ Երուսաղեմը հանդիսացել է երեք կրոնների մայրաքաղաք, բացի այդ քաղաքի վերջնական կարգավիճակի հստակեցման խնդիրը հանդիսանում է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացի կարևորագույն տարրերից մեկը: Ուստի Երուսաղեմի վերաբերյալ ցանկացած միակողմանի որոշում, անկասկած, կարող է դառնալ տարածաշրջանում նոր լարվածության և բախումների պատճառ՝ խլելով մարդկային կյանքեր: Ուստի, Երուսաղեմի հարցում նման դիրքորոշում հայտնելով՝ միջազգային հանրությունը փորձեց կանխել տարածաշրջանում հետագա լարվածությունը և արյունահեղությունը, իսկ դրա անհրաժեշտությունը վեր է ցանկացած քաղաքական շահից:
Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանն այս հարցում, ապա այն առավել քան տրամաբանական է: ՀՀ ԱԳՆ նախարարը հարցի շուրջ արդեն իսկ հայտնել է իր դիրքորոշումը՝ նշելով, որ Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով՝ կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում:
Հաշվի առնելով այս ամենը, թերևս ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող կողմ հանդես գալ այնպիսի նախաձեռնության, որը կարող է որևէ կերպ խաթարել երեք կրոնների մայրաքաղաք հանդիսացող Երուսաղեմի բնականոն կյանքը՝ առաջացնելով հումանիտար նոր խնդիրներ, տարածաշրջանում ստեղծելով անկայունության նոր շրջան: