Թույլ չենք տալու թուրք ազգայնականներին վախի մթնոլորտ տարածեն այստեղ՝ Գերմանիայում: Այս մասին DW գերմանական պարբերականին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի խորհրդարանի կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած, Գերմանիայի Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներ ունեցող համանախագահ Ջեմ Օզդեմիրը:
Հարցազրույցում նա մասնավորապես ասել է.
«Նման տեղեկությունն ինձ համար զարմանալի չէր՝ հաշվի առնելով իմ լավ ընկեր Հրանտ Դինքի սպանությունն ու այն փաստը, որ պետության մատը խառն է եղել այդ գործում: Բացի այդ երբ տեսնում ենք, թե ինչպես են թուրք ընդդիմադիրներին ոչ միայն ձերբակալում, լռեցնում կամ արտաքսում, այլ նաև վախեցնում և ենթարկում ֆիզիկական բռնության, ապա դա զարմանալի չէ: Գերմանիան պետք է տեղյակ լինի այս ամենից և, ամենից առաջ, կանխի առանձին հասարակական կառույցների աճը: Նմանատիպ կառույցներից են Osmanen Germania-ն, որը թուրք-ազգայնական բռնցքամարտիկների խումբ է, կամ Եվրոպայի թուրք դեմոկրատների միությունը (UETD): [UETD- ը համարվում է Թուրքիայի իշխող կուսակցության` ԱԶԿ-ի արտաքին լոբբիստական խումբը]:
Վերջերս դիտում էի Գերմանիա տեղափոխված ստամբուլահայ լրագրող, ճանաչված մտավորական Հայկո Բաղդադի ելույթը: Զրահապատ բաճկոնով էր ելույթ ունենում, քանի որ մեկ օր առաջ սպառնալիքներ էր ստացել: Սա նորմալ չէ: Մենք պետք է հստակ ցույց տանք, որ թույլ չենք տալու վախի մթնոլորտ տարածեն այստեղ՝ Գերմանիայում»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել էր, թե Եվրոպայում ապրող հայերի ու Թուրքիայից հեռացած հայտնի թուրք գրողների և լրագրողների դեմ Թուրքիայից մահափորձեր են կազմակերպվելու։