Այս տարի ևս Ադրբեջանը տարածաշրջանում աչքի ընկավ իր ապակայունացնող քաղաքականությամբ՝ հրահրելով լարվածություն սահմաններին, ինչի արդյունքում սահմանի երկու կողմերում էլ եղան զոհեր: Այս մասին «Նովոստի –Արմենիա» մամուլի կենտրոնում «Տարածաշրջանային զարգացումները 2017թ-ին» թեմայով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Արմեդիա» ՏՎԳ գլխավոր խմբագիր Գրետա Ավետիսյանը:
Նրա խոսքով սահմաններին լարվածության ստեղծումը ուղղակիորեն կապված է նաև Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի հետ: Նման կերպ Ադրբեջանի իշխանությունները փորձում են շեղել հասարակության ուշադրությունը:
«2017թ-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը շարունակեց իր ընտանիքի դիրքերի ամրապնդումը: Հիշում ենք, որ հենց տարվա սկզբին Ալիևան նշանակվեց Ադրբեջանի առաջին փոխնախագահ, և նրա գործառույթը կայանում է նրանում, որ նախագահի բացակայության ժամանակ փոխնախագահը փոխարինում է նրան: Հասկանալի է, որ սա միտված է կենտրոնացնելու ամբողջ իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում», - նշել է բանախոսը:
Նա նաև հիշատակեց Ադրբեջանում նոր «սև ցուցակի» առաջացման մասին, որում սկսեցին ընդգրկել արդեն իսկ նրանք, ովքեր քննադատում են Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակումներն ու մարդու իրավունքների խախտումները:
Այս ամենին զուգահեռ՝ Գրետա Ավետիսյանը նշեց, որ 2017թ-ին Ադրբեջանի հասցեին հնչել են նաև բավականին շատ քննադատություններ, որոնց համար առիթ դարձավ «ադրբեջանական լվացքատան» բացահայտումը:
«Այս բացահայտումից հետո մի շարք ԵՄ պաշտոնյաներ հանդես եկան հայտարարություններով՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Չնայած այս քննադատություններն ու կոչերը Ադրբեջանում մեծ հաշվով իրավիճակ չփոխեցին, առնվազն Ադրբեջանին զգոնության կոչ արեցին», - ասել է բանախոսը:
Նրա համոզմամբ այս բացահայտման տրամաբանական շարունակությունը դարձան Ագրամունտի պաշտոնանկությունը, ԵԽԽՎ կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները քննադատող 2 բանաձևերի ընդունումը և ԵԽ նախարարների կոմիտեի կողմից Ադրբեջանի նկատմամբ աննախադեպ գործընթաց սկսելը՝ կապված ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու հետ:
Անդրադառնալով նրան, թե ինչպիսի զարգացումներ սպասել 2018թ-ին Ադրբեջանում՝ Գրետա Ավետիսյանը հիշեցրեց, որ գալիք տարի Ադրեջանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, ուստի Ալիևը փորձելու է վարել այնպիսի քաղաքականություն, որը չի առաջացնի Արևմուտքի քննադատությունը, միևնույն ժամանակ երկրի ներսում կփորձի զսպել բոլոր այլախոհներին: