«Արմեդիա» ՏՎԳ-ն հարցազրույցների շարք է պատրաստել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ փորձելով ամփոփել 2017 թվականին իրականացված քայլերը և 2018-ի ծրագրերը: Ձեզ ենք ներկայացնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի հետ «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարացազրույցը:
- Պարո՛ն Խանումյան, ինչո՞վ նշանավորվեց 2017 թ. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համար:
- Ոչ միայն Ազգային ժողովի, այլ ամբողջ Արցախի համար ամենակարևոր իրադրաձությունը, կարծում եմ, փետրվարին տեղի ունեցած սահմանադրության հանրաքվեն էր և դրանով պայմանավորված սահմանդրության փոփոխությունները: Վստահաբար կարելի է ասել, որ դա հակաժողովրդավարական ուժերի հաղթանակն էր, քանզի փոփոխություններն ամբողջությամբ ուղղված էին մեկ անձի իշխանության վերարտադրությանը: Սա մահափորձ էր Արցախում քաղաքական համակարգի նկատմամբ և լուրջ հարված երկրի ինստիտուցիոնալ զարգացմանը: Հատկանշական է, որ այդ փոփոխությունների կողմնակիցները քարոզարշավը վարեցին հանրությանը խաբելու, հանրային կարծիքը մանիպուլացիայի ենթարկելու միջոցով: Հանրային հեռուստատեսությունը եթերաժամանակ չէր տվել քարոզարշավ իրակականացնող կողմերին և այս պարագայում տարբեր հեռուստահաղորդումներին հրավիրվում էին միայն «կողմ» քարոզող ուժերի ներկայացուցիչները: «Դեմ» քարոզող միակ կուսակցությունն իմ ղեկավարած «Ազգային վերածնունդն» էր, որը ստիպված էր նման անհավասար պայմաններում ընտրողներին իրազեկել փոփոխությունների հիմնական նպատակի մասին: Ցավոք, մենք պարտվեցինք, ընդունվեց նոր սահմանադրությունը, ինչն էլ հնարավորություն տվեց Արցախում իրականացնել ոչ ժողովրդավարական ռեժիմներին հատուկ գործընթացներ:
- Խնդրում եմ ամփոփեք 2017թ. Ձեր աշխատանքային գործունեությունը: Ի՞նչ հիմնական ձեռքբերումներ և թերացումներ կարող եք առանձնացնել:
- Հիմնական թերացումը, կարծում եմ, ժողովրդին սահմանադրական փոփոխությունների դեմ մոբիլիզացնելու անկարողությունն էր: Սահմանափակ ռեսուրսների պատճառով մենք «դեմ»-ի քարոզարշավն իրականացրինք հիմնականում Ստեփանակերտում և մոտակա բնակավայրերում:
Հիմնական ձեռքբերում եմ համարում 2018թ. բյուջեում վերաբնակեցման համար առանձին տողով գումարի հատկացումը: Տարիներ շարունակ մեր կուսակցությունը պայքարում էր սրա համար, այն արտացոլված է նաև իմ պատգամավորության ընթացքում կառավարությանն ուղղված բոլոր բյուջետային առաջարկություններում: Թեև գումարների քչությանը, սակայն կարծում եմ, որ նույնիսկ դա կկոտրի երկար տարիների ընթացքում ձևավորված սառույցը և վերաբնակեցման գործընթացը նոր թափ կստանա:
- Որո՞նք են լինելու 2018թ. Ձեր աշխատանքի հիմնական ուղղությունները:
- Առաջիկայում Արցախում սպասվում են տեղական ինքնակառավարման մասին օրենքի փոփոխություններ: Մենք պայքարելու ենք, որպեսզի այդ օրենքով իրական մեխանիզմներ ստեղծվեն ապակենտրոնացման և համայնքների մուտքերի ավելացման համար:
- Պարոն Խանումյան, իսկ ինչպե՞ս եք սովորաբար նշում Ամանորը: Ո՞րն է Ամանորի խորհուրդը Ձեզ համար:
- Սովորաբար ես ինչ-որ խորհուրդներ չեմ դնում տոների մեջ: Ամանորն ուղղակի տարին ամփոփելու ժամանակ է:
- Ո՞րն է Ձեր սիրելի ամանորյա ուտեստը:
- Ես նախընտրում են պարզ ուտեստներ, չեմ սիրում երկար նստել սեղանի շուրջ:
- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին 2018 թվականին:
- Արդյունավետություն: Թո′ղ մեր հասարակության ցանկացած անդամ ավելացնի իր արդյունավետությունը՝ հզորացնելով հասարակությունը և նոր հնարավորություններ ստեղծելով շրջապատի համար: