Լիբանանից Արցախ տեղափոխված Վահե Աշգարյանի ընտանիքը այսօր բնակարանամուտ նշեց ազատագրված Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում, հայտնում է Artsakh Press- ը:
Առանձնատունը կառուցվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից` Քաշաթաղի վերաբնակեցմանն ուղղված ծրագրի շրջանակներում: Ի թիվս այլ ջանքերի, այս ծրագիրը բնակարանային աջակցություն է տրամադրում Քաշաթաղում վերաբնակվել ցանկացող սիրիահայ և լիբանանահայ ընտանիքներին:
Թուֆենկյան հիմնադրամը 2008թ.-ին փորձնական ծրագիր սկսեց ուղղված Քաշաթաղի գյուղական տների վերանորոգմանը և պատերազմից ժառանգություն մնացած ավիրակների վերափոխմանը արժանապատիվ կյանքի համար պիտանի տների:
2008-2010թթ. ավելի քան 40 շինարարական աշխատանքեր կատարվեցին այս ծրագրի շրջանակներում: 2010թ.-ից ի վեր Թուֆենկյան հիմնադրամը շարունակել է այս ծրագիրը, կենտրոնանալով արդեն հատուկ կարիքների` մասնավորապես Սիրիայից և Լիբանանից Արցախ տեղափոխված և այստեղ վերաբնակեցում հաստատած հայ ընտանիքների բնակարանային ապահովման վրա: