ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, ով չափազանց հաճախ է գանգատվել է փրկարար ծառաությանը («911») ռեստորանում իրեն մատուցված փոքր խեցեմորթներից, հայտնում է Fox News-ը։
Դեպքը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Ստյուարտ քաղաքում։ 51-ամյա Նելսոն Ագոստոն ռեստորաններից մեկում պատվիրել է ծովամթերքներով ճաշատեսակ, սակայն, տեսնելով խեցեմորթների չափերը, խիստ հիասթափվել և դիմել է ոստիկանություն։
«Նա գանգատվել է, որ իր կերած խեցեմորթներն այնքան փոքր են եղել, որ դրանց համար չի ցանկացել վճարել», - ասել է սերժանտ Բրայան Բոսիոն։ Նա նշել է, որ տղամարդը սկզբում գանգատվել է ռեստորանի աշխատակիցներին, որից հետո իրեն անվճար տրամադրել են ևս մեկ սննդաբաժին։
Սակայն դա Ագոստոյինչի բավարարել, և նա կրկին զանգահարել է «911» ծառայություն։ Այնտեղ նրան խորհուրդ են տվել զանգահարել ոստիկանական գիծ, որը կապված չէ արտակարգ իրավիճակների հետ։
Դրանից հետո տղամարդը ևս 2 անգամ զանգահարել է «911»։ Առաջին անգամ նա հայտարարել է, որ մոռացել է իրեն տրված համարը, երկրորդ անգամ վստահեցրել է դիսպետչերին, որ չի կարողանում միանալ իրեն թելադրված համարով։
Արդյունքում տղամարդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել փրկարար ծառայություններին դիմելը չարաշահելու համար: