Տոնակատարություններից իր մեծությամբ և մասայականությամբ առաջին տեղը գրավող Ամանորը տարվա ամենակարևոր տոներից մեկն է համարվում և՛ քրիստոնյաների, և՛ այլադավանների համար: Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ, այն իր մեջ այլ հոգևոր խորհուրդ ունի: Նախկինում Նոր տարին տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը (ինչպես ամիսների սկիզբ): Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին և նվերներ մատուցում։ Այդպես Նոր տարին ավանդաբար տոնվել է մինչև Բաբելոնի աշտարակաշինությունը, սակայն աշտարակի կործանումից և լեզուների բաժանումից հետո 72 ազգերի նահապետներն այլ երկրներում հաստատվելու օրն իրենց ազգի համար հայտարարեցին տարվա առաջին օր, իսկ տվյալ ամիսը՝ տարվա առաջին ամիս: Եվ ամեն տարի այդ օրը միմյանց շնորհավորում էին ու ասում. «Նոր օր, նոր տարի: Քանզի այսօր մենք մտանք մեր երկիրը, որը ժառանգեցինք»:
Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ , Ամանոր անուններով:
«Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը՝ ըստ մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: «Կաղանդ» բառի բացատրությունը լավագույնս տվել է Անանիա Շիրակացին իր «Տիեզերագիտություն և տոմար» գրքում. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ ամսամուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»:
Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով:
Հայոց երկրորդ Նոր Տարին նշվում էր հայկական օրացույցի՝ Նավասարդի 1-ին այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Ըստ ավանդության` Հայկ նահապետը Հայոց Ձոր գավառում օգոստոսի 11-ին է սպանել բռնակալ Բելին և ազատություն շնորհել իր տոհմին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը 2492 թվականին:
Հնագույն ժամանակներում Ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերվել մրգերի և չրերի շարաններ և կախվել առաստաղից: Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ հնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նավասարդը համարվում էր պահքի օր: Սեղանի զարդը համարվում էր տանտիկինների կողմից պատրաստված Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում: Մշտապես պատրաստվող ծիսական հացերն ասոցացվում էին նաև պտղաբերության հետ: Դրանով է բացատրվում նաև հատիկավոր կերակուրների առկայությունը, ինչի վառ օրինակը ավանդական աղանձն է:
Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:
Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։ Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:
Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն:
Տանտերը Կաղանդի ծառը նաև տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել տուն:
Ներկայումս բոլոր քրիստոնյա ազգերն Ամանորը տոնում են հունվարի 1-ին, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ամիսը: Հունվար նշանակում է ծնունդ: Մինչ Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը մահանալուց հետո գերի էր դժոխքում, քանի որ բոլորն էլ մահանալուց հետո դժոխք էին գնում: Քրիստոսն այդ ամսին ծնվելով՝ ավերեց դժոխքը, մարդկությանը մեկընդմիշտ ազատեց հավիտենական մահից և առաջնորդեց Երկնքի արքայություն, այդ պատճառով էլ հունվար ամիսը քրիստոնյաների համար դարձել է ամիսների սկիզբ: