Հազարավոր քրդեր դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ բողոքելով Ֆրանսիայի իշխանությունների անկարողության դեմ, որոնք մինչ օրս 2013 թվականին 3 քուրդ ապստամբ կանանց սպանության համար որևէ մեկի չեն դատապարտել:
Ցուցարարները բարձրաձայնել են «Էրդողանը մարդասպան է» այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցով Ֆրանսիայում է գտնվել, հաղորդում է AFP- ն:
2013-ին Փարիզի կենտրոնում հայտնաբերվեց երեք մահացած կին: Ըստ աղբյուրների՝ թուրքական հետախուզությունը պաշտոնապես հերքել է սպանություններին որևէ առնչությունը, սակայն ֆրանսիացի քննիչները եզրակացրել են, որ թուրքական լրտեսները ներգրավված են գործին:
Միակ կասկածյալ Օմեր Գունեյը մինչ դատական գործի սկսվելը 2016 թվականին բանտում մահացել է:
Ինչպես նշում է գործակալությունը, հայ համայնքը դեմ է եղել նաև Էրդողանի այցին Փարիզ` նրան անվանելով «բռնապետ»:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցույց տվեց ֆրանսիացիներին իր իրական դեմքը, բռնապետ, որն իրեն այնպես է պահում, կարծես իր պալատում է՝ հակառակ եվրոպական չափանիշներին, որոնց նա հավակնում է», - ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: