ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսազրույց ունենալ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Նա նաև հույս է հայտնել, որ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև բանակցությունները դրական արդյունքներ կունենան, փոխանցում է Reuters-ը:
Հյուսիսային Կորեան վերջին 2 տարում առաջին անգամ համաձայնվել է հաջորդ շաբաթ Հարավային Կորեայի հետ պաշտոնական բանակցություններ վարել:
Քեմփ Դևիդի իր նստավայրում լրագրողների հարցերին պատասխանելով՝ Թրամփը պատրաստակամություն է հայտնել խոսել Կիմի հետ, բայց առանց նախապայմանների: Նա նշել է, որ բանակցությունները կարող են հանգեցնել լարվածության թուլացման և դիվանագիտական առաջընթացի համար հիմք կստեղծեն՝ հայտարարելով, որ սա իր կողմից մշտական ճնշման արդյունքն է: «Լսեք, հիմա նրանք Օլիմպիադայի մասին են խոսում: Սա սկիզբն է, սա մեծ մեկնարկ է: Եթե ես ներգրավված չլինեի, նրանք հիմա չէին խոսի»,- ասել է նա:
«Եթե այս բանակցություններից ինչ-որ բան ստացվի, դա հոյակապ կլինի ամբողջ մարդկության համար, դա հոյակապ կլինի ամբողջ աշխարհի համար»,- ասել է Թրամփը:
Ավելի վաղ Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները երկար տարիներ հետո առաջին անգամ կապի հատուկ խողովակով քննարկել են երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ Փհենչհանում կայանալիք Օլիմպիական խաղերին հյուսիսկորեացի մարզիկների մասնակցության հնարավորության հարցը: