Չինացի 32-ամյա Ակա Լին ընտանիքի հետ ապրում է Ջավախքի հայաբնակ Նինոծմինդա քաղաքում և նույնիսկ հայերեն է խոսում` Ախալքալաքի բարբառով: Լին այստեղ սեփական խանութն է բացել ու արդեն մեկ տարի զբաղվում է տնտեսական ապրանքների առևտրով: Այս մասին հայտնում է News.am-ը:
Ակա Լին պատմել է, որ Չինաստանի Շանհայ քաղաքից ընտանիքի հետ Վրաստան է եկել 5 տարի առաջ, 4 տարի Ախլցխայում ապրելուց հետո որոշել է Նինոծմինդայում բացել սեփական բիզնեսը: Հայերեն սովորել է հայ հաճախորդների հետ շփվելու ընթացքում, ասում է` շատ հեշտ է, տառերն էլ է շուտով սովորելու: 5 տարիների ընթացքում Լին հասցրել է նաև սովորել վրացերեն, ոչ միայն խոսում է, նաև գրում. «Ինձի համար երկու լեզուն էլ շատ հեշտ են, ժողովրդի հետ շփվելով եմ սորվել, որ իրենց հասկնամ, թե ինչ կուզեն առնել»:
Ակա Լիի խոսքով, Նինոծմինդայում, ճիշտ է բիզնեսը չի ծաղկում, բայց դժգոհ էլ չէ. կարողանում է վաստակել այնքան, որ Չինաստան վերադառնալու մասին դեռ չի մտածում: Հայաբնակ փոքրիկ քաղաքում նրան ամենաշատը դուր է գալիս մարդկանց ջերմությունը, անկեղծությունը, համով սնունդն ու մաքուր օդը. «Ես արդեն շատ մարդկանց կճանչեմ, շատ լավ մարդիկ են, միշտ հարցնում են` ինչղ եմ, գործերս ինչղ են»: