Պաշտոնական Ստեփանակերտն ահաբեկչական է որակում Ադրբեջանի գործողությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հակառակորդի կրակոցից հայ զինվորի մահվանը:
«Հանձին Ադրբեջանի` գործ ունենք ահաբեկչական պետության հետ: Մենք գործ ունենք ստոր հակառակորդի հետ: Ամանորյա օրերին զինադադարի ռեժիմի խախտումը, որը որևէ ձևով չի ազդում ռազմաքաղաքական հավասարակշռության վրա, իրավիճակը չի փոխում հօգուտ Ադրբեջանի: Սա պարզապես ստորություն է, ահաբեկչություն, անմարդկային վերաբերմունք: Ահա այսպիսի աննորմալ հակառակորդի հետ գործ ունենք» - ասել է Դավիթ Բաբայանը:
Նա հիշեցրել է, որ պաշտոնական Ստեփանակերտը որպես կայունության և խաղաղության միջոց դեռ 10 տարի առաջ առաջարկել էր հատկապես միջազգային, ազգային, կրոնական տոն օրերին զինադադարի ռեժիմը չխախտել:
«Տոն օրերին նման քայլի գնալը ստորություն է, որևէ բանականության մեջ չի տեղավորվում: Մեզ համար սա անդառնալի կորուստ է, զոհված զինվորի հիշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտերում» - հավելել է Դավիթ Բաբայանը: