ՀՀ ԱԺ Հայաստան-Բրազիլիա բարեկամական խմբի ղեկավար Շուշան Սարդարյանը հունվարի 9-ին հանդիպել է Սան Պաուլոյի քաղաքապետարանի ավագանու անդամ Ջիլբերտո Տոնոս Նատալինիի հետ, հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:
Շուշան Սարդարյանը, նշելով, որ նախորդ տարի լրացել է Հայաստանի և Բրազիլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, ընդգծել է, որ երկկողմ կապերն այս ընթացքում արդյունավետ զարգացել են: Տիկին Սարդարյանն այս համատեքստում կարևորել է խորհրդարանական համագործակցության, մասնավորապես բարեկամական խմբերի գործունեության դերն ու նշանակությունը: Նրա համոզմամբ՝ հայ-բրազիլական հարաբերությունների զարգացման խթան է նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջև կապերի առավել ընդլայնումը:
Բարեկամական խմբի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Բրազիլիայի ժողովրդին՝ 2011 թվականին Սան Պաուլո նահանգի Կամպինաս քաղաքային խորհրդարանի կողմից և 2015 թվականին Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևեր ընդունելու համար, ինչպես նաև նահանգային իշխանություններին` Սան Պաուլո քաղաքի «Արմենիա» հրապարակում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու համար:
Շուշան Սարդարյանն անդրադարձել է նաև մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացին, ինչպես նաև հայկական համայնքի խնդիրներին:
Ջիլբերտո Նատալինին նշել է, որ իրենց կողմից քայլեր են իրականացվում հայկական համայնքին վերաբերող, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանն ու Արցախին առնչվող խնդիրները բարձրաձայնելու ուղղությամբ: