ԱՄՆ-ն ապացույցներ չունի, որ իր դիվանագետները հարձակման են ենթարկվել Հավանայում. Կուբայի ԱԳՆ

13:14     10 հունվարի, 2018

Միացյալ Նահանգները որևէ ապացույց չունեն առ այն, որ ամերիկացի դիվանագետները  իսկապես հարձակման են ենթարկվել Հավանայում: Այս մասին հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարարության ԱՄՆ դեպարտամենտի տնօրեն Խոսեֆինա Վիդալը, փոխանցում է NEWS.am-ը:

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ «մի քանի ամիս տևած հետաքննությունը ցույց է տվել, որ որևէ հարձակում չի եղել»:

Վիդալը կտրականապես հերքել է Հավանայի մասնակցությունը առողջության հետ կապված միջադեպերին, որոնց մասին հայտնել էին ԱՄՆ դիվանագետները:

«Կուբան երբեք որևէ քայլ չի ձեռնարկել և չի ձեռնարկի դիվանագետներին ֆիզիկական վնաս պատճառելու համար, թույլ չի տվել և թույլ չի տա անել դա նաև երրորդ անձանց: Կուբայի կառավարությունը գիտի իր պարտականությունների մասին և իրականացնում է դրանք օրինակելի կարգով»,-ասել է Կուբայի ԱԳՆ-ի ԱՄՆ դեպարտամենտի ղեկավարը:


© armedia.am