ՀԲ բարելավել է ՀՀ տնտեսական աճի մասին կանխատեսումները

19:47     10 հունվարի, 2018

Համաշխարհային բանկն իր «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում բարելավել է   Հայաստանի տնտեսության համար աճի կանխատեսումը՝ դարձնելով այն 3,8 % նախկին 3,1%-ի փոխարեն, փոխանցում է Banks.am-ը:

«Ռուսաստանում տնտեսության վերականգնումը դրական ազդեցություն է թողել տարածաշրջանի ապրանք ներմուծող երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության վրա՝ տրանսֆերտների եւ արտահանման ավելացման շնորհիվ»,- ասված է զեկույցում:


ՀԲ փորձագետները նշում են, որ 2017-ին Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել մետաղների գների բարձրացման եւ ներքին քաղաքականությունների բարելավման արդյունքում: Բանկը 2017թ. ՀՀ տնտեսական աճի իր կանխատեսումը 2,7%-ից հասցրել է 3,7%-ի:

Զեկույցի համաձայն՝ տնտեսական աճը Հայաստանում կշարունակի ամրապնդվել՝ 2019-ին եւ 2020-ին կազմելով 4%՝ ապրանքների գների հավասարակշռմանն ու ներքին պահանջարկի ուժեղացմանը զուգահեռ:

ՀԲ-ն Ադրբեջանի համար 2018-ին կանխատեսում է 0,9%, Ռուսաստանի համար՝ 1,7%, Թուրքիայի համար՝ 3,5%, իսկ Վրաստանի համար՝ 4,2% տնտեսական աճ:


© armedia.am