Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ամանորյա տոներին անմիջապես հաջորդած այցը Չինաստան առաջացրեց շատերի հետաքրքրությունը: Իսկզբանե նշվում էր, որ այցն ուղղված է լինելու հիմնականում տնտեսական և բիզնես ոլորտներում համագործակցության հարցերին:
Հատկանշական է, որ Մակրոնի այցի ընթացքում չի բարձրաձայնվել Հարավային Չինական ծովի խնդիրը, և ոչ էլ ուշադրության են արժանացել երկրում մարդու իրավունքների խախտման հետ կապված հարցերը:
Սակայն, Մակրոնը հստակ ցույց տվեց, որ քննարկման առարկան լինելու են ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև Չինաստան-ԵՄ հարաբերությունները:
Այցի վերջում՝ մամլո ասուլիսի ժամանակ, Մակրոնը հայտարարել է, որ շատ կարևոր է համարում, որ Եվրոպան և Չինաստանն ակտիվացնեն հատկապես առևտրային հարաբերությունները: Ֆրանսիայի նախագահը նշել է նաև, որ պետք է համատեղ ծրագրեր իրականցնել Եվրոպայում, Չինաստանում և երրորդ երկրներում: Ըստ Մակրոնի՝ Ֆրանսիան պատրաստ է առաջնորդել այդ գործընթացը: Բացի այդ Մակրոնն, ի հակադրություն ԱՄՆ-ի, կողմ է արտահայտվել գլոբալ առևտրի ազատության մասին՝ Չինաստանի արտահայտած տեսակետին, ինչպես նաև ևս մեկ անգամ պաշտպանել է Փարիզի համաձայնագիրը:
Շատերի գնահատմամբ այս այցի ընթացքում հնչեցրած մտքերն ու կատարած այցելությունները վկայում են այն մասին, որ Մակրոնը հավանության է արժանացնում մայրցամաքային առևտրի՝ «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությունը՝ փորձելով առաջ անցնել եվրոպացի իր գործընկերներից և ամրապնդել առաջնորդի իր դիրքերը Եվրոպական միությունում: Հատկանշական է, որ արևմտյան գործիչների մի մասն արդեն ողջունել է Չինաստանի նախաձեռնությունը, իսկ մյուս մասը զգուշանում է, որ դրա քողի տակ Չինաստանը կփորձի կյանքի կոչել իր աշխարհաքաղաքական ծրագրերը:
Հավանական է, որ Ֆրանսիայի նախագահը փորձում է օգտվել Գերմանիայում առաջացած սահմանադրական ճգնաժամից և կանցլեր Անգելա Մերկելի՝ կոալիցիոն կառավարություն կազմելուն ուղղված բանակցությունների պատճառով մեծ զբաղվածությունից: Բացի այդ, Մակրոնը փորձել է լրացնել համաշխարհային քաղաքականության՝ գոյություն ունեցող վակումը. ԱՄՆ-ը Թրամփի ղեկավարությամբ թուլացնում է իր դիրքերը՝ որպես աշխարհաքաղաքական խաղացող, Միացյալ Թագավորությունը զբաղված է BrExit-ով (չնայած սպասվում է, որ ամսվա վերջին Բրիտանիայի վարչապետ Թերեզա մեյը ևս կայցելի Չինաստան), իսկ Գերմանիան՝ ներքին խնդիրներով, մինչդեռ Մակրոնի գլխավորած Ֆրանսիան Չինաստանի համար կարող է հուսալի գործընկեր դառնալ: Թվում է նաև, որ Չինաստան-ԱՄՆ հնարավոր առճակատման պարագայում Ֆրանսիան կկանգնի Չինաստանի կողքին:
Սակայն, շատ փորձագետներ հրրդորում են շատ մեծ կարևորություն չտալ Մակրոնի այցին. դրա նպատակն ավելի սերտ տնտեսական կապերի ստեղծումն է եղել, որոնք թույլ կտան Ֆրանսիային կրճատել Չինաստանի համեմատ Ֆրանսիայի առևտրային դեֆիցիտը, որ կազմում է տարեկան 30 մլրդ եվրո: Հենց այդ պատճառով էլ այցի ընթացքում ստորագրվել են առևտրային համաձայնագրեր ավիացիոն, գյուղատնտեսական, միջուկային էներգետիկայի ոլորտներում:
Ստորագրված կարևորագույն փաստաթղթերը Areva էներգետիիկ հոլդինգի և Airbus ավիաընկերության հետ կնքված հուշագրերն են: Արդեն 2018թ. առաջին քառորդում Areva-ն կսկսի միջուկային վառելիքի վերամշակման առաջին գործարանի կառուցումը Չինաստանում: Ավիացիոն ոլորտում համագործակցությունը ևս կնպաստի երկու երկրների դիրքերի ամրապնդմանը միջազգային ավիացիոն ոլորտում: