ԱՄՆ-ին պետք չեն միգրանտներ «կեղտոտ անցքերից». Թրամփ

12:01     12 հունվարի, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին հարկավոր չեն միգրանտներ «կեղտոտ անցքերից», փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Մի խումբ սենատորներ այցելել են Սպիտակ տուն, որպեսզի նախագահին փոխզիջումային համաձայնագիր առաջարկեն, որը վերաբերում է Հաիթիից, Սալվադորից և Աֆրիկայի երկրներից միգրանտներին:

«Մեր ինչին են պետք կեղտոտ անցքերից եկող այդ բոլոր մարդիկ»,- օրենսդիրների առաջարկին պատասխանել է Թրամփը: ԱՄՆ ղեկավարը ասել է, որ ԱՄՆ-ն պետք է միգրանտներ ընդունի այնպիսի երկրներից, ինչպիսին Նորվեգիան է, որի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ ինքը հանդիպել է չորեքշաբթի օրը:

Սպիտակ տունը չի հերքել, որ Թրամփը նման հայտարարություն է կատարել: «Վաշինգտոնում որոշ քաղաքական գործիչներ նախընտրում են պայքարել ուրիշ երկրների շահերի համար, սակայն նախագահ Թրամփը միշտ կպայքարի ամերիկացիների շահերի համար»,- նշել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ռաջ Շահը:

Միգրացիոն քաղաքականության խստացումը Թրամփի նախընտրական քարոզչության հիմնական թեզերից մեկն է և մնում է նրա կառավարման առաջնահերթություններից մեկը:


© armedia.am