«Ձնեմարդուկ-2018. ձնե արվեստի փառատոն»-ն այս տարի նորություններով է հանդես գալիս։ Նախատեսվում է կազմակերպել սառցամագլցում, հեծանվային մարզային գավաթի մրցույթ և դահուկավազք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասել է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը։ Նրա խոսքով, «Ձնեմարդուկ -2018. ձնե արվեստի փառատոն»-ն այս տարի անցկացվելու է փետրվարի 17-18-ին։
«Սառցամագլցումը Հայաստանում կազմակերպվելու է առաջին անգամ, սակայն այս տարի եղանակային պայմանները մի փոքր խանգարում են։ Ջերմուկում երբեք այսքան տաք ձմեռ չի եղել, բայց եթե մի քանի օր անընդմեջ սառնամանիքներ լինեն՝ անպայման կիրականացնենք», - նշել է Վազգեն Գալստյանը։
Նրա խոսքով՝ քանդակներ պատրաստելուն հիմնականում մասնակցում են Ջերմուկ քաղաքի երեխաները, բայց հրավիրվում են նաև Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի լավագույն ուսանողները։ Նրանք Ջերմուկում 2-3 մետր բարձրությամբ մեծ արձաններ են քանդակում, իսկ քոլեջի երեխաները կստանան խրախուսական պարգևներ ։