Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան հունվարին գործնական դասընթացներ կանցկացնի արցախյան դպրոցականների համար։ Այդ մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը։
«Մեր մասնագետներն Արցախ կայցելեն հունվարի 19-ից 20-ը, որպեսզի այնտեղ դպրոցականների հետ հատուկ դասընթացներ անցկացնեն։ Դասընթացների շրջանակում սովորողներին կպատմեն, թե ինչ են զբոսաշրջությունն ու ալպինիզմը։ Մեզ հետ կապ են հաստատել Արցախի աշակերտների հետ պարապող ուսուցիչներն ու ալպինիստները», - ավելացրել է Դանիելյանը։
Ղարաբաղում, ըստ նրա, հետաքրքրված են արշավներով, ժայռամագլցմամբ, այդ պատճառով ուսուցիչները դիմել են Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիային, որպեսզի հատուկ դասընթացներ անցկացնեն։
«Մենք նաև հանդերձանք կնվիրենք նրանց։ Այս պահին միայն Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի մասնագետներն են գնում, իսկ հետագայում Արցախի դպրոցականներին կայցելի նաև պրոֆեսիոնալ դահուկորդների, հեծանվորդների, պարապլաներիստների ու ժայռամագլցողների խումբը», - նշել է Դանիելյանը։