Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստացել է, որ ֆեյսբուքի լրատվական ժապավենում առաջնահերթությունները կփոխվեն: Այս մասին ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ Ցուկերբերգը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Նրա խոսքով՝ ֆեյսբուքը կնվազեցնի լրատվական և գովազդային հրապարակումները, կավելացնի օգտատերերի ընտանիքների և ընկերների կողմից ստեղծված բովանդակության տոկոսը:
«Լրատվական ժապավենը հեռացել է այն ամենից, ինչի համար նախապես ստեղծվել է՝ օգնել միմյանց հետ շփվելուն»,- ասել է նա:
Ցուկերբերգը նաև տեղեկացրել է, որ փոփոխություններն արդեն սկսված են և դրանք ավարտին հասցնելու համար մի քանի ամիս կպահանջվի:
«Ես հուսով եմ, որ այդ փոփոխություններն օգտատերերին թույլ կտան ավելի քիչ ժամանակ անցկացնել կայքում, իսկ նրանց կախվածության աստիճանը կնվազի: Բայց ես նաև ակնկալում եմ, որ ֆեյսբուքում անցկացված ժամանակն ավելի արժեքավոր կլինի»,- ասել է նա: