ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի նկարահանած հայի և ադրբեջանցու ընկերության մասին պատմող «Մենք ընկերներ ենք» ֆիլմի աշխատանքներն ավարտվել են: Այս մասին ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան` Հակոբ Հակոբյանը տեղեկացրել է «Փաստ» օրաթերթին:
«Ֆիլմը սկսվում է 1988 թվականի դեպքերից և շարունակվում է մինչև մեր օրերը, մինչև 2016 թվականի ապրիլ ամիս: Ո՛չ մենք, ո՛չ մեր քաղաքական մեծամասնությունը, ոչ էլ մեր հանրապետության նախագահը երբեք ու երբեք կողմ չենք եղել պատերազմի: Ընդհակառակը, միայն խաղաղության ճանապարհով ենք գնացել և մեր ֆիլմերն էլ են այդ մասին»,- ասել է Հակոբյանը:
Նրա խոսքով` Եթե մեր հարևանները մեր հանդեպ ուժ կիրառեն, ապա բնական է, որ մենք էլ պետք է համապատասխան ուժ կիրառելով մեր երկիրը պաշտպանենք, բայց մենք երբեք էլ պատերազմին կողմնակից չենք եղել:
«Այն ամենին, որ հիմա ականատես ենք լինում, դա Ալիևի վարած քաղաքականության հետևանքն է, թե չէ ժողովուրդն ինչ մեղք ունի: Մենք երբեք էլ չենք ասել, որ ադրբեջանի ժողովուրդը վատն է, այլ ասել ենք, որ այդ երկրի վարած քաղաքականությունն է վատը: Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ մենք մեր քաղաքականությամբ կողմնակից ենք խաղաղության, բարեկամության, հարևանության: Եվ այդ դեպքում, եթե կլինեն քննադատողներ, թող մեզ քննադատեն»,- ասել է Հակոբյանը: