Ամերիկայի հայ դատի գրասենյակի արևմտյան թևը նամակ է հղել Comedy Central-ի ղեկավար Քենթ Ալթերմանին՝ պահանջելով անհապաղ ներողություն խնդրել Daily Show հաղորդման ժամանակ հաղորդավար Թրևոր Նոանի գործածած «կեղտոտ հայ» (filthy Armenians) արտահայտության համար: Այս մասին հայտնում է Yerakouyn.com-ը:
Հայկական կառույցի նամակ-պահանջին կարող են միանալ բոլոր հայերն այս հղումով՝ Take action! Send a letter to Kent Alterman NOW!
Յուրաքանչյուրի նամակը կարևոր է, և պետք չէ սպասել, որ ուրիշներն անեն դա: Պարզապես պետք է մուտքագրել անունը, հասցեն և էլ.փոստի հասցեն և սեղմել «Ուղարկել»:
Նշենք, որ հաղորդավար Թրևոր Նոանը Daily Show հաղորդաշարի ընթացքում մեջ է բերել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ թվիթերում արած հրապարակումներից մեկը, որում Թրամփը հայտարարել է, թե իր երկու կարևորագույն հատկանիշները միշտ եղել են մտավոր վիճակի կայունությունն ու խելացի լինելը: Ի պատասխան այս հրապարակման՝ հաղորդավարն ասել է.«Սա իսկապես ծիծաղելի է: Նույնն է, որ ինչ-որ մեկն ասի. «Ես իսկապես ամենահանդուրժող մարդն եմ, հարցրեք այս կեղտոտ հայից»»: