Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը, հայտնել է, որ Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան հունվարի 19-ից 20-ը գործնական դասընթացներ է անցկացնելու Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի դպրոցականների համար, հայտնում է «Արցախպրես»-ը:
«Մենք մեր պարտքն ենք համարում Հայաստանի մարզերում և Արցախում պարբերաբար կազմակերպել նմանատիպ դասընթացներ: Այս անգամ նման հրավեր ստացանք Արցախի Նոր շեն գյուղի միջնակարգ դպրոցի կողմից»,- նշել է Ս. Դանիելյանը և ավելացրել, որ 2018 թվականին նախատեսում են ֆեդերացիայի հեծանվասպորտի, ժայռամագլցման, լեռնագնացության և լեքլայնի ուղղություններով մասնագիտացած անդամների հետ այցելել Արցախ՝ ծրագրվող պարապմունքներն ավելի լայն շրջանակով կազմակերպելու նպատակով:
Նրա խոսքով՝ իրենց մասնագետներն Արցախ են այցելելու, որպեսզի դպրոցականներին պատմեն, թե ինչ է զբոսաշրջությունն ու ալպինիզմը։ Դասընթացն անց է կացվելու 10-15 տարեկան երեխաների համար՝ տեսական և գործնական պարապմունքների 2-ական ժամ տևողությամբ: