Պերմի դպրոցի չորրորդ դասարանի աշակերտները դասի էին, երբ սառը զենքով դասասենյակ են ներխուժել 16-ամյա Լև Բ.-ն և Ալեքսանդր Բ.-ն: Նրանք հարձակվել են ուսուցչուհու վրա, այնուհետև սկսել են դանակով հարվածներ հասցնել երեխաներին: Շուտով նրանց միջև ծեծկռտուք է սկսվել: Որոշ տվյալների համաձայն՝ հարձակվողներից մեկը դպրոցի նախկին աշակերտն է, երկրորդն այժմ սովորում է նույն դպրոցում: Այս մասին հայտնում է News.am-ը:
Պերմի դպրոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով տուժած 10-ամյա տղայի հայրը՝ Արգիշտի Աբրոյանը պատմել է դեպքի մանրամասները. «Որդիս առաջին դասարանից այս դպրոցն է հաճախում: Մեզ այն դուր էր գալիս: Որդիս ինձ պատմել է, որ մոտ 9:45-ին երկու տղա ներխուժել են դասասենյակ: Մեկը նախ վազել է դեպի ուսուցչուհին և հարվածել նրան դանակով, ապա անմիջապես մոտեցել է որդուս, ով հենց առաջին նստարանին է նստում, և դանակով վերքեր է հասցրել տղայիս գլխի հատվածում: Որդիս արագ դուրս է եկել միջանցք, ապա՝ փողոց և վազել է դեպի Գագարինի պողոտայի վրա գտնվող պոլիկլինիկան: Այնտեղ բժիշկները նրան օգնություն են ցուցաբերել: Այժմ կինս և երեխաս հիվանդանոցում են: Ես աշխատավայրից դուրս եմ եկել, մտել եմ խանութ և այժմ ուտելիք եմ տանում նրանց համար»,- նշել է Արգիշտին: