Հայաստանի խորհրդարանը ճանաչեց 2014թ. Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումներից կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, հաղորդում է «Արցախպրես»-ը:
Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին հայտարարության նախագծին կողմ քվեարկեց 91, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը,
Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ սահմանված նպատակներին և սկզբունքներին,
Կարևորելով Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի դրույթների կիրառմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը,
Կարևորելով ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները հարգելու գործում միջազգային իրավունքով ամրագրված պետությունների պարտականությունը,
Ընդգծելով ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխման ուղղությամբ պայքարելու Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հանձնառությունը,
Հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2170 (2014) բանաձևը, միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների բազմաթիվ հաղորդումները՝
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ՝
Ճանաչում և խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանությունը,
Խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսեւորումները և ծայրահեղական գաղափարախոսությունը, ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ, ազգային, քաղաքական կամ կրոնական պատկանելությունից ելնելով թիրախավորված գործողությունները` նրանց նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային, դաժան վերաբերմունքը, բռնի տեղահանումը, կանանց, աղջիկների եւ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները, քաղաքացիական, կրթական, բժշկական և հասարակական նշանակություն ունեցող այլ օբյեկտների դիտավորյալ թիրախավորումը, կրոնական և պատմական նշանակություն ունեցող շինությունների ոչնչացումը,
Հայտնում է այս կապակցությամբ իր համերաշխությունն Իրաքի ժողովրդին և պետությանը,
Կոչ է անում միջազգային հանրությանը միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել և պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց,
Կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկելու միջոցներ եզդի բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելու, նրանց մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում մարդու իրավունքների նման խախտումները կանխելու, բացառելու և վերացնելու համար: