Էրդողանը քննադատել է ընդդիմադիր գործչին Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար

11:44     17 հունվարի, 2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության մասին Twitter-ում ընդդիմադիր գործչի գրառումը նսեմացնում է թուրք ազգին ու պատմությունը:

Խոսքը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի նահանգային կառույցի նորընտիր նախագահ Ջանան Քաֆթանջըօղլուի թվիթերյան գրառումների մասին է, որոնք երկրում հանրային քննարկումների թեմա են դարձել, գրում է Ermenihaber-ը՝ թուրքական Dünya լրատվական կայքին հղումով:

«Ո՞ւմ ձեռքերում է մնացել Գազի Մուստաֆա Քեմալի կուսակցությունը: Նա, Հայոց ցեղասպանություն արտահայտությունը կիրառելով, նսեմացնում է մեր ազգն ու պատմությունը: Պետությանն էլ սերիական մարդասպան է անվանում: Ահաբեկչության ժամանակ մահացածների մեղքն էլ է պետության վրա դնում», - ասել է Էրդողանը:

Էրդողանն անդրադարձել է նաև Գեզի զբոսայգու ցույցերի ժամանակ Քաֆթանջըօղլուի՝ ցուցարարներին աջակցող գրառմանը՝ այն սադրանք անվանելով:

Ըստ Էրդողանի՝ Քաֆթանջըօղլուի՝ ԺՀԿ Ստամբուլի նահանգային կառույցի նախագահի պաշտոնում ընտրվելն իսկական «աղետ» է:

Հիշեցնենք, որ Քաֆթանջըօղլուն Հայոց ցեղասպանության մասին գրառումը կատարել էր 2012թ. ապրիլի 24-ին: Նա «Twiter»-ում գրել էր. «Այսօր Հայոց ցեղասպանության օրն է: Մենք այսօր Թաքսիմում ոգեկոչում ենք կոտորված մեր հայ քաղաքացիների հիշատակը»:


© armedia.am