Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների կողմից Սիրիայում սահմանային ուժեր ստեղծելու մտադրությունը: Էրդողանը Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարին հայտնել է, որ ամերիկյան կողմի նման քայլը բացարձակապես անընդունելի է իրենց համար: Նա հավելել է նաև, որ Սիրիայում տեղի ունեցող զարգացումներից ելնելով՝ Թուրքիան պատրաստ է ցանկացած քայլի «ապահովելու համար իր ազգային անվտանգություն»:
Ստոլտենբերգն իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ն իրենց հետ որևէ կերպ չի խորհրդակցել Սիրիայում ստեղծվելիք ուժերի հարցի վերաբերյալ: Նա համոզմունք է հայտնել, որ խնդրի լուծման լավագույն տարբերակը դաշնակիցների միջև բաց երկխոսությունն է: