Մոլեխաղերից կախում ունեցող ճանաչված անձանց մուտքը խաղատուն կսահմանափակվի։ Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Արմենիան:
«Ելք» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի փոփոխությունների համապատասխան նախագիծն առաջին ընթերցմամբ այսօր միաձայն ընդունեց ՀՀ խորհրդարանը։ Եթե դատարանը ճանաչի, որ մարդու` մոլեխաղերի նկատմամբ կախվածությունը վտանգավոր է նրա ընտանիքի համար, հանրապետության բոլոր խաղատներին կզգուշացնեն, որ այդ մարդու մուտքն արգելեն խաղատուն։
Իսկ եթե նույնիսկ նրանց թույլ տան խաղատուն մտնել, նրանց հաշվին հարստանալ չի հաջողվի։ Այդ մարդկանց պարտված գումարը դատարանը կկարողանա չեղյալ հայտարարել տուժածի կամ նրա ընտանիքի անդամների պահանջով։
Նախագծով նախատեսվում է նաև հստակ ընթացակարգ, որ այսուհետ խաղասրահ մուտք գործող անձի անձնագիրը ստուգվելու է: Պետք է ստուգվի՝ լրացել է արդյո՞ք նրա 21 տարեկանը, թե՞ ոչ: