Քաբուլի Intercontinental Hotel-ի վրա զինյալների հարձակման հետևանքով տուժել և զոհվել է 35 մարդ, փոխանցում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:
Վիրավորների և զոհվածների ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ: Նշվում է, որ հարձակվողներից մեկը սպանվել է: Հյուրանոցի երկրորդ հարկը հրդեհվել է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինյալները մի քանի հոգու պատանդ են վերցրել: Տարբեր աղբյուրների համաձայն՝ հարձակվողները երեքը կամ չորսն են եղել, նրանք իրենց վրա մահապարտի գոտիներ են ամրացրել:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը Tolo հեռուստաընկերությանը հայտնել է, որ հյուրանոցի շենքում առնվազն երեք զինյալներ են մնացել: Անվտանգության ծառայությունները կարողացել են այնտեղից դուրս բերել մի քանի հյուրերի եւ հյուրանոցային աշխատողների, այժմ նրանք գտնվում են անվտանգ վայրում: Տեղացիները հաղորդել են, որ լսել են մի քանի պայթյուն: