Միջերկրածովյան տարածաշրջանի 10 երկրները պատրաստակամություն են հայտնել միասին աշխատելու Աֆրիկայից Եվրոպա միգրացիոն հոսքերի անվտանգությունը ապահովելու համար, հայտնում է NEWS.am-ը: Այս մասին նշված է Արևմտյան Միջերկրածովյան 10 երկրների միավորող «5+5» խմբի անդամ երկրների ԱԳ նախարարների 14-րդ հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ:
Հանդիպումն ավարտվել է հունվարի 21-ի երեկոյան Ալժիրի մայրաքաղաքում: Խմբի մեջ են մտնում Եվրամիության 5 երկրներ (Իտալիա, Իսպանիա, Մալթա, Պորտուգալիա և Ֆրանսիա) և արաբական Մաղրիբի 5 երկրներ (Ալժիր, Լիբիա, Մավրիտանիա, Մարոկկո և Թունիս):
Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել «համատեղ աշխատել միգրացիոն հոսքերի անվտանգության, օրինականության և լավագույն կառավարման ապահովման համար»: Նախարարները կողմ են արտահայտվել «աշխատատեղերի ստեղծմանը նպաստող նախագծերի իրականացմանը», ինչպես նաև «ապօրինի միգրացիայի խորքային պատճառների» ուսումնասիրմանը:
ԱԳ նախարարները նշել են, որ «քաղաքական երկխոսությունը միջերկրածովյան տարածաշրջանը ցնցող լարվածության օջախներում ճգնաժամերի և խնդիրների կարգավորման համարժեք և արդյունավետ լուծումներ որոնելուն համապատասխանող մոտեցում է»: