«Մրցաշրջան 2017-ը գնահատում եմ բավարարից մի փոքր ավելի այն առումով, որ մեր աշտարակացատկորդները սինքրոն ձևում վեցերորդ տեղը գրավեցին Եվրոպայի առաջնությունում և ուսանողական խաղերում, աշխարհի առաջնությունում զբաղեցրին իներորդ հորիզոնականը: Իսկ անհատական ցատկում Վլադիմիր Հարությունյանը Եվրոպայում իներորդն էր: Բացի դա մեր սինքրոն զույգն աշխարհի առաջնությունից հետո վարկանիշով ութերորդ թիմն էր համարվում, բայց քանի որ մենք վարկանիշ բերող ընդամենը երկու մրցման մասնակցեցինք, հիմա եզրափակում ենք լավագույն տասնյակը», - ՀԱՕԿ լրատվականին ասաց Հայաստանի ջրացատկի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը:
Մարզիչը տեղեկացրեց, որ 2018 թվականին ֆեդերացիան ավելի մեծ ուշադրություն դարձնելու է նաև ոստնակացատկերին.
«Ոստնակացատկորդներ ունենք, որոնք որոշակի մակարդակի հասել են: Այս տարի նրանց հետ արդեն աշխատելու ենք միջազգային ասպարեզ մտնելու նպատակով: Ցանկանում եմ Հայաստանի առաջնությունից հետո նրանց փորձարկել «Գրան Պրիում», Եվրոպայի առաջնությունում, աշխարհի գավաթի խաղարկությունում:
Պատանի մի հեռանկարային աղջիկ կա՝ Քրիստինե Հակոբյանը, որը ցատկերի որոշակի ծրագիր ունի, սակայն դեռ պետք է տեսնեմ, թե նա կարո՞ղ է Եվրոպայի առաջնությունում պայքարել մեդալի կամ առնվազն լավագույն վեցյակ մտնելու համար», - շարունակեց մարզիչը:
Խոսելով աշտարակացատկորդների այս տարվա գլխավոր մեկնարկների մասին՝ պարոն Չանդիրյանը հայտնեց.
«Մեզ համար գլխավոր մրցումը Եվրոպայի առաջնությունն է օգոստոս ամսին, որտեղ առաջին անգամ սինքրոն ձևում փորձելու ենք պայքարել մեդալի համար: Մրցակցությունն անհամեմատ մեծ է անհատական աշտարակացատկում, որտեղ նույնպես մեր տղաներից Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը տարբեր տարիների մտել են եզրափակիչ: Հաջորդն աշխարհի գավաթն է (հունիսին) և երկու «Գրան Պրիները» (փետրվար՝ Ռոստոկ և հուլիս՝ Մադրիդ): Սրանց միջև ընկած ժամանակահատվածներում կաշխատենք միջազգային այլ մրցումների էլ մասնակցել»:
Մասնագետը նշեց, որ ազգային հավաքականի չորս անդամներից՝ Վլադիմիր Հարությունյան, Լև Սարգսյան, Ազատ Հարությունյան և Վարդան Բայանդուրյան, Ազատը վնասվածքի պատճառով աշտարակացատկից տեղափոխվել է ոստնակացատկ.
«Աշտարակացատկում մնում են մյուս երեք տղաները: Սակայն նրանք էլ կարող են հանդես գալ նաև ոստնակացատկում: Հիմա փնտրտուքի մեջ ենք, թե ովքեր հանդես կգան անհատական պայքարում կամ զույգեր կկազմեն թե´ աշտարակացատկում, թե´ ոստնակացատկում: Տարբերակները կփորձարկենք արտագնա ուսումնամարզական հավաքների ժամանակ և միայն դրանցից հետո վերջնականապես կկողմնորոշվենք», ասաց Հրաչյա Չանդիրյանը: