Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ԽՍՀՄ արտաքին սահմաններից մեկին՝ Թուրքիայի հետ սահմանին ծառայած Մնացական Ջանոյանի հետ: Սահմանապահը ծնվել է 1925թ. Ախուրյանի շրջանի Ազատան գյուղում: 92 տարեկան է: Ամուրի է: Ունի 3 տղա, 2 թոռ:
-Պարո՛ն Ջանոյան, կպատմե՞ք Հայրենական մեծ պատերազմում Ձեր մասնակցության մասին:
-Երբ պատերազմը սկսվեց, մենք դեռ դպրոցական էինք, դեռ լավ չէինք պատկերացնում՝ ինչ էր կատարվում: Կարծում էինք՝ պատերազմը մեզ չի հասնի: Եթե դեռ ճիշտ եմ հիշում, 1942 կամ 1943 թվականն էր, երբ մեզ զորակոչեցին բանակ: Ես 17 տարեկան էի: Ծնողներս տարիքով էին, իսկ եղբայրս դեռ անչափահաս էր: Ասացին, որ զինվորական պատրաստվածություն չեմ անցել, չեմ կարող ռազմաճակատ գնալ: Այն ժամանակ երիտասարդ էինք, ուզում էինք կռվել, բայց զենք բռնել էլ չգիտեինք: Մեզ տարան Բաթում՝ թուրքի սահմանը: Կային ինչպես հայեր, այնպես էլ վրացիներ, ռուսներ, ադրբեջանցիներ, բայց մենք բոլորս մի պետություն էինք, ու կարևոր չէր՝ ինչ ազգից ենք: Սկզբում կռվել էինք սովորում: Հրամանատարներն ասում էին, որ ուր որ է թուրքը կհարձակվի: Ասում էին, եթե Ստալինգրադում պարտվենք, Կովկասում պատերազմն անխուսափելի կլինի, ու մենք շունչներս պահած՝ սպասում էինք թուրքի հարձակմանը: Չգիտեմ մյուսներն ինչպես էին վերաբերվում թուրքին, բայց մենք՝ հայերով նրանց չէինք սիրում. մեր կողմերը շատ փախստական հայեր կային, ովքեր պատմում էին թուրքերի իրականացրած դաժան կոտորածներից, ու մենք չէինք սիրում նրանց: Հիշում եմ՝ երբեմն պատահում էր՝ թուրք լրտեսներ էինք բռնում. նրանք էլ, երևի, շունչները պահած, սպասում էին մեզ վրա հարձակվելուն:
Բարեբախտաբար, Ստալինգրադում մերոնք հաղթեցինք, և հնարավոր եղավ խուսափել Կովկասում ավերածություններից ու արյունահեղությունից. թուրքի առաջին հարվածը մեզ վրա էր լինելու, մեր ժողովուրդն էր տուժելու: Ասում էին՝ պատերազմը մեղմվել է, կամ էլ մենք էինք հակահարձակման անցել, չգիտեմ, ամեն դեպքում մեզնից մի խումբ՝ ավելի տարիքովներին, տարան այլ վայրեր, ինձ թողեցին թուրքերի հետ սահմանին, որտեղ էլ ծառայեցի 6 տարի:
-Իսկ ի՞նչ արեցիք ծառայությունից վերադառնալուց հետո:
- Տեխնիկում ավարտեցի՝ թեթև արդյունաբերության գծով: Դարձա թեթև արդյունաբերության տեխնիկ-տեխնոլոգ: Աշխատել եմ Լենինականի տեքստիլում, գուլպայի ֆաբրիկայում ու ևս մի քանի գործարաններում: Այն ժամանակ դա շատ կարևոր մասնագիտություն էր, բանվորը հարգված էր: Միշտ պլանը գերակատարում էինք:
-Ի՞նչ նշանակություն ունեցավ Հայրենական մեծ պատերազմը մեզ համար:
-Մենք ներկայացնում էինք հզոր երկիր, երկիր, որը կանգնած էր մեծ վտանգի առաջ: Անհնար է պատկերացնել՝ ինչ կլիներ, եթե ֆաշիզմը հաղթեր: Եվրոպան ավիրված էր, ու պետք էր պայքարել: Պատերազմում չհաղթելու դեպքում մեզ լուրջ վտանգ էր սպառնում: Որպես սահմանապահ՝ կարող եմ ասել, որ թուրքը մի վայրկյան չէր մտածի, ու մեր փոքր երկիրը ավերածությունների կենթարկեր: Հարցականի տակ կլիներ ողջ Սովետական միությունը, բոլոր ազգերը, որ այնտեղ ապրում էին: Պատերազմի հետևանքները միշտ ծանր են լինում:
-Եվ վերջում ի՞նչ կուզեիք մաղթել մեր զինվորներին:
-Գիտեք, երբ պատերազմական վիճակում է լինում երկիրը, կարևոր չէ՝ կռվում ես այդ պահին, թե ոչ: Ես ռազմաճակատում չեմ եղել, բայց սահմանը, որի վրա գտնվում էինք, ցանկացած պահի կարող էր վերածվել ռազմաճակատի, և այդ վտանգը միշտ կա: Մեր զինվորներն էլ այսօր պետք է շատ զգոն լինեն. իրենցից է կախված հայրենիքի ապագան: Զինվորի համար իրենց ունակություններից ու կարողություններից ավելի կարևոր է հայրենիքին նվիրվածությունը, քաջությունը: Զինվորներին մաղթում եմ քաջառողջություն, կամք և համբերատարություն: Թո՛ղ բոլորը ողջ և առողջ վերադառնան իրենց տուն, իրենց օջախ: